Ի՞նչ պետք է հաշվի առնել վարկի համար դիմելիս

Ի՞նչ պետք է հաշվի առնել վարկի համար դիմելիս

Նոր վարկը ոչ միայն կարիքները հոգալու հնարավորություն է, այլև երկարաժամկետ ազդեցություն ունեցող լուրջ ֆինանսական պարտավորություն: Այս հոդվածում թվարկված են հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնել վարկի համար դիմելիս իմպուլսիվ գործողություններից և սխալներից խուսափելու համար: 

Նոր ֆինանսական պարտավորությունը միշտ պետք է լինի հաշվարկված և մտածված որոշում: Նոր վարկի համար դիմելիս պետք է նախապես ուշադրություն դարձնել մի քանի հարցերի:

Վարկի տեսակը

Եթե Դուք մտածում եք վարկ վերցնելու մասին, ապա արդեն ունեք հստակ կարիք, որը մտադիր եք հոգալ վարկի գումարով: Ֆինանսական հաստատություններն առաջարկում են տարատեսակ վարկային պրոդուկտներ՝ կախված հաճախորդի կարիքներից, օրինակ՝ հիփոթեքային վարկ՝ առանձնատուն կամ բնակարան ձեռք բերելու համար, ավտովարկ կամ լիզինգ՝ ավտոմեքենա գնելու համար, կարճաժամկետ վարկ կամ կրեդիտային քարտ՝ ամենօրյա տարբեր ծախսերի համար, ուսանողական վարկ՝ ուսման համար, և այլն: Հաշվի առնելով, որ կան վարկերի մի քանի տեսակներ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ֆինանսական հաստատությունների առաջարկներին և դիմել խորհրդատվության համար, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչը կօգնի Ձեզ ընտրել ամենահարմար տարբերակը: Հարցրեք վարկային հայտի գործընթացի, ժամկետների, ստանդարտ պայմանների և մարման ժամանակացույցի մասին՝ հասկանալու համար, թե արդյոք ունեք բավարար միջոցներ Ձեր վարկը սեղմ ժամկետում մարելու համար:

Խուսափեք զեղծարարներից

Ֆինանսական ապրանքները դարձել են սպառողական հասարակության անբաժանելի մասը: Որպես հետևանք՝ վերջին տարիներին ակտիվացել են տարատեսակ զեղծարարները, որոնք կարող են թաքնվել արտաքինից օրինական թվացող կազմակերպության կերպարի տակ: Միշտ ստուգեք Ձեր ընտրած փոխատուի գործունեության օրինականությունը՝ ուշադրություն դարձնելով, թե արդյոք փոխատուն ունի ֆինանսական ծառայություններ մատուցելու համապատասխան թույլտվություն: Միայն այդպես կկարողանաք պաշտպանել Ձեր իրավունքները։ Կարող եք ծանոթանալ նաև ընկերության հանրային հաղորդակցման աղբյուրներին և հաճախորդների մեկնաբանություններին, որոնք ևս ընկերության հուսալիության ցուցիչներ են:

Ինչքա՞ն գումար է ինձ պետք։

Միշտ քննադատաբար մոտեցեք վարկի չափին և փոխառեք միայն այնքան, որքան Ձեզ անհրաժեշտ է, նույնիսկ ոչ մի ցենտ ավել։ Կախված վարկային հաստատությունից և վարկային պրոդուկտից՝ Դուք կարող եք դիմել մի քանի հարյուրից մինչև մի քանի տասնյակ հազար արժողությամբ վարկի համար: Այնուամենայնիվ, եթե միայն նվազագույն չափի գումարի կարիք ունեք, միշտ հաշվի առեք այդ գումարը ինքներդ խնայելու կամ ընտանիքի անդամներից կամ ընկերներից փոխառելու հնարավորությունը:

Որքա՞ն ժամանակ է պետք վարկը վարելու համար։

Տարբեր վարկային պրոդուկտներ ունեն մարման տարբեր պայմաններ։ Վարկային հաստատությունները հաճախ առաջարկում են իրենց հաճախորդներին ընտրել ավելի կարճ կամ ավելի երկար մարման ժամկետ։ Ընտրություն անելիս հիշեք, որ կարճաժամկետ մարումը թույլ կտա Ձեզ խնայել տոկոսադրույքի վրա, սակայն ամսական վճարման չափը մի քիչ ավելի բարձր կլինի։ Համեմատության համար, երկարաժամկետ մարման դեպքում Դուք տոկոսով ավելի շատ կվճարեք, բայց յուրաքանչյուր ամսվա վճարն ավելի փոքր կլինի։ Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ ստանձնելիս աշխատեք ժամանակի ընթացքում առանձնացնել հավելյալ ֆինանսները և օգտագործել դրանք վարկն ավելի շուտ մարելու համար։

Որքա՞ն եմ վճարելու տոկոսադրույքի դիմաց։

Տոկոսագումարը կախված է մի քանի գործոններից, բայց հաճախ հիմնված է Ձեր վարկային սքորի, վարկի չափի և ժամկետի վրա: Տոկոսադրույքները տարբերվում են ինչպես ապրանքների կատեգորիաների, այնպես էլ տարբեր փոխատուների միջև: Սովորաբար, եթե ունեք գերազանց վարկային պատմություն կամ վարկային սքոր և եթե ընտրում եք կարճաժամկետ և փոքր չափի վարկ, Ձեր տոկոսադրույքն ավելի ցածր կլինի։ Վարկը ստանալիս և անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելիս միշտ ուշադրություն դարձրեք վարկի տարեկան տոկոսադրույքին և վարկատուի կողմից պահանջվող ադմինիստրատիվ ծախսերին: Համեմատեք տարբեր վարկատուների դեպքում առաջացող ծախսերը և ընտրեք ավելի ցածր տոկոսով և ավելի քիչ լրացուցիչ ծախսերով առաջարկը:

Կկարողանա՞մ անել կանոնավոր ամսական վճարումները։

Երբ ստանաք առաջարկը և պարզեք՝ որքան կլինի ամսական վճարումը, կատարեք ԸՊԵ-ի հաշվարկը: Ձեր ֆինանսական դրությունն ու ընթացիկ ֆինանսական պարտավորությունները գնահատելու համար ԸՊԵ-ն հիանալի ցուցիչ է։ Բացի դրանից, ԸՊԵ-ն կօգնի Ձեզ հասկանալ՝ արդյոք նոր վարկը ֆինանսական բեռ կլինի Ձեր ամսական բյուջեի վրա։ ԸՊԵ ցուցիչը հաշվում են երկու պարզ քայլով․

Քայլ 1

Գումարեք բոլոր վարկային պարտավորությունները՝ ավտոմեքենայի վարկ, հիփոթեքային վարկ, ուսանողական վարկ, սպառողական վարկ և այլն։

Քայլ 2

Բաժանեք ստացված թիվը Ձեր ամսական զուտ եկամտին․ ստացված թիվը տոկոսով կլինի Ձեր ԸՊԵ-ն։

Օրինակ

Մայան ուզում է դիմել ավտոմեքենայի՝ 20․000 եվրո արժեքով վարկի համար։ Նրա աշխատավարձը հարկումից հետո կազմում է 1․000 եվրո, որից 400 եվրոն նա ամեն ամիս ծախսում է հիփոթեքային վարկը, իսկ 50 եվրոն՝ ուսանողական վարկը մարելու վրա։ Ստացվում է, որ Մայայի ամսական վարկային պարտավորությունները կազմում են 450 եվրո։

ԸՊԵ ցուցիչը հաշվում ենք՝ գումարելով (400+50) և ստացված թիվը բաժանելով 1000-ի։ Այսինքն, նրա ընթացիկ ԸՊԵ-ն՝ 450/1000 = 45%։

Շատ ֆինանսական հաստատություններ կարող են այս տոկոսը բարձր համարել, քանի որ, եթե Մայան 20․000 եվրո վարկ ստանա և ամսական վճարի ևս 290 եվրո, նրա ԸՊԵ ցուցիչը էլ ավելի կմեծանա՝ (450+290)/1000=74%: Աշխատեք միշտ ունենալ 40%-ից ցածր ԸՊԵ ցուցիչ։

Տույժեր

Կյանքում լինում են դեպքեր, որոնք կարող են ժամանակավորապես ազդել Ձեր կանոնավոր ամսական պարտավորությունները կատարելու վրա: Հետևաբար, արժե հաշվի առնել այն տույժերը, որոնք պարտատերը կարող է կիրառել վճարումներն ուշացնելու դեպքում: Նկատի ունեցեք, որ մենք հորդորում ենք զերծ մնալ նման իրավիճակներից՝ ամսական կուտակելով փոքր չափի խնայողություններ։ Այդ խնայողությունները կարող են փրկել Ձեզ, եթե բախվեք կարճաժամկետ ֆինանսական դժվարությունների, որոնք բացասաբար են ազդում Ձեր պարտավորությունները ժամանակին կատարելու ունակության վրա: Բացի դրանից, միշտ հիշեք, որ նման իրավիճակներում Դուք կարող եք կապ հաստատել Ձեր պարտատիրոջ հետ և, ներկայացնել օբյեկտիվ պատճառները, պայմանավորվել ժամանակավոր լուծման շուրջ, օրինակ՝ սահմանել հետաձգված վճարումներ: Երբեք մի՛ անտեսեք ամսական վճարումը, քանի որ այն կարող է ընդմիշտ վնասել Ձեր վարկային պատմությանը և ապագայում վարկ ստանալու Ձեր հնարավորությանը:

Կարևոր մանրուքներ

Կարևոր մանրուքներ միշտ էլ կան, նույնիսկ վարկային դիմումի նախնական փուլում։ Փորձեք հաշվի առնել բոլոր կետերը, որոնց մասին վերևում չնշեցինք, կամ որոնց մասին, գուցե, մոռացել եք։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։