Ինչպե՞ս խնայել գումար և պլանավորել անձնական ֆինանսները
Ինչպե՞ս խնայել գումար և պլանավորել անձնական ֆինանսները
Անձնական բյուջետավորումը միշտ կարևոր է։ Համաշխարհային տնտեսության մեջ լճացման, սրընթաց գնաճի և էներգառեսուրսների գների աճի պայմաններում բյուջետավորումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Կանխատեսելի ծախսեր նախատեսող և լավ պլանավորված բյուջեն կօգնի Ձեզ հաղթահարել ֆինանսական դժվարությունները և պահպանել տնտեսական բարեկեցությունը։
Բյուջեի պլանավորումը կարելի է բնութագրել մեկ պարզ կանոնով․ ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք։ Այնուամենայնիվ, այս կանոնը կիրառելի չէ առօրյա կյանքում, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի անհատական կարիքներ, ծախսելու տարբեր սովորություններ և ցանկություններ։ Մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս բյուջե կազմելիս կենտրոնանալ բոլոր մանրամասների վրա։ Այս հոդվածում կգտնեք ֆինանսների և ծախսերի ճիշտ պլանավորման հիմնական սկզբունքներն ու կանոնները։
Սահմանեք նպատակ
Ենթադրենք՝ որոշել եք սկսել պլանավորել Ձեր բյուջեն։ Սովորաբար պլանավորումն անում են որոշակի պատճառով, օրինակ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ծախսերը կրճատելու ցանկությունը, ապագայի համար խնայելու ցանկությունը, ավելի խոշոր գնումի համար խնայելու ցանկությունը և այլն: Սահմանված ժամկետ ունեցող հստակ նպատակը ինքներդ Ձեզ տված խոստում է, որը կօգնի հստակ որոշել, թե նպատակին հասնելու համար ինչպես պետք է փոխվեն Ձեր ծախսերը:
Դարձրեք սովորություն
Սովորությունները հիմնականում ձևավորվում են 2 ամսում։ Հենց այդ ընթացքում է, որ պետք է ուշադրություն դարձնեք կանոնավոր կերպով ծախսելուն։ Աշխատեք վարել ավելի համեստ կենսակերպ և զերծ մնալ իմպուլսիվ գնումներից։ Մոտ 60 օր հետո կնկատեք, որ գումար չծախսելն ավելի հեշտ է, քան ծախսելը։
Հետևեք ծախսերին
Մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով վերահսկել դրամական հոսքերը՝ ծախսերը նվազեցնելու և խնայելու սովորություն զարգացնելու Ձեր ունակությունը գնահատելու համար: Առաջին երեքից վեց ամիսների ընթացքում Դուք հնարավորություն կունենաք պարզելու՝ ինչ կանոնավոր և ոչ կանոնավոր ծախսեր են առկա Ձեր բյուջեում, և որքանով կարող եք դրանք նվազեցնել: Մշտադիտարկման ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել մանրամասն կազմված աղյուսակ (MS Excel) կամ այլ հավելված (YNAB, Spendee, MS My money և այլն)՝ ըստ կարգի ծախսերը մանրամասն գրանցելու և դրանց հետևելու համար: Համոզվեք, որ հնարավորինս ճշգրիտ եք առանձնացրել ծախսերը՝ առանձին կատեգորիա սահմանելով սննդի, հիգիենայի, մշակութային միջոցառումների, կացարանի, կոմունալ ծառայությունների, երեկութների, ալկոհոլի, կրթության և դասերի, սոցիալական մեդիայի, տրանսպորտի, ճանապարհորդության, հագուստի, նվերների, մեծ գնումների, վարկերի և այլ ծախսերի համար։ Ապա ամեն ամիս վերանայեք Ձեր ծախսերը՝ հասկանալու համար, թե որոնք կարող եք նվազեցնել և, ըստ այդմ, ավելի շատ գումար խնայել։
Արեք հիմնական ծախսերը
Հիմնական ծախսեր ասելով՝ սովորաբար հասկանում ենք բնակարանի կամ առանձնատան համար արվող կանոնավոր վճարումները, ինչպես նաև այլ ֆինանսական պարտավորությունները, ինչպիսիք են բանկային վարկերը: Սրանք այնպիսի ծախսեր են, որոնց վերջնաժամկետը չպետք է խախտեք՝ զուտ գումար խնայելու համար: Երբեմն սննդի ծախսը նույնպես ներառվում է հիմնական ծախսերի ցուցակում․ սա արվում է այն դեպքերում, երբ հնարավոր է վերանայել գնումների զամբյուղը և ընտրել ավելի մատչելի այլընտրանքներ:
Խնայեք երկրորդային ապրանքների վրա
Նախորդ կանոնից հետևում է տրամաբանական եզրակացությունը․ պետք է ավելի քիչ ծախսել այն իրերի վրա, որոնք ապրելու համար կենսական նշանակություն չունեն: Եթե ցանկանում եք գումար խնայել, պետք չէ շտապել ամենաթանկ կոշիկների կամ դիզայներական ոճով դրամապանակի հետևից: Փորձեք հավասարակշռություն պահպահնել որակի, ապրանքանիշի և գնի միջև՝ առաջնահերթ կարևորություն տալով ֆունկցիոնալությանը:
Խուսափեք կենսակերպի հետ կապված գնաճից
Հաճախ, երբ մարդու եկամուտը մեծանում է, նա հակվում է ավելի շատ գումար ծախսելուն և ավելի թանկ գնումներ անելուն։ Այնուամենայնիվ, եթե սկսել եք ավելի շատ գումար վաստակել, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ պետք է ավելի շատ ծախսեք։ Այս դեպքում ինքներդ Ձեզ դնում եք անվերջ վազքի ռեժիմում․ սկսում եք ավելի շատ վաստակել, ավելի շատ ծախսել, Ձեր կարիքներն ու ֆինանսական պարտավորությունները մեծանում են, ինչն էլ իր հերթին ստիպում է Ձեզ ավելի շատ աշխատել՝ ավելի շատ վաստակելու համար, և այդպես շարունակ: Ինչ-որ պահի Դուք կհասնեք աշխատավարձի և աշխատանքի արդյունավետության շեմին՝ ստիպված վերադառնալով վճարումից վճարում ապրելակերպին։ Ուստի շարունակեք խելամտորեն օգտագործել Ձեր գումարը՝ պահպանելով խնայելու սովորությունը։ Դուք չեք կարող փոխել մեքենայի գինը, բայց կարող եք ընտրել այնպիսի մեքենա, որը համապատասխանում է Ձեր բյուջեին:
Մի՛ շտապեք դիմել վարկի համար
Եթե արդեն ստանում եք կայուն եկամուտ և ծախսում ու խնայում եք կանոնավոր կերպով, փորձեք կշռադատված հաշվարկ անել՝ արդյոք մեծ գնման համար պետք է վարկ վերցնել, թե՞ կարող եք մի փոքր էլ խնայել և ինքներդ գնել: Մի՛ շտապեք ստանձնել վարկային պարտավորություններ։ Բացի դրանից, օրինակ՝ առանձնատուն կամ մեքենա գնելիս միշտ չէ, որ պետք է օգտագործել բանկի կողմից առաջարկվող վարկի առավելագույն չափը։
Եթե որոշել եք վարկ վերցնել, բայց ցանկանում եք պահպանել խնայելու սովորությունը, ավելի շատ ժամանակ հատկացրեք բանկերի և այլ հաստատությունների առաջարկները գնահատելուն։ Ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման վճարներին, տոկոսադրույքներին, վարկի հետ կապված լրացուցիչ ծախսերին և ընտրեք ամենամատչելի տարբերակը:
Խնայեք առնվազն 10-20%-ը
Մի՛ մոռացեք կանոնավոր կերպով խնայել Ձեր զուտ եկամտի առնվազն 10-20%-ը կամ փորձեք ստեղծել ֆինանսական անվտանգության բարձիկ 3-6 ամսվա աշխատավարձի չափով: Այդ կերպ, եթե կորցնեք Ձեր աշխատանքը, կամ առաջանան զգալի չափով անսպասելի ծախսեր, ստիպված չեք լինի հարմարավետության գոտուց դուրս պարտավորություններ ստանձնել։
Միշտ նախընտրելի է խնայողությունները պահել առանձին հաշվի վրա, որտեղից օրական վճարումներ չեք կատարում․ այդպիսի հաշվի օրինակ է խնայողական հաշիվը։ Ձեզ պետք կգա նաև բանկերի մեծ մասի կողմից առաջարկվող ծախսերի սահմանաչափը: Այլ պայմաններում կարող եք նաև անել կանխիկ խնայողություններ, բայց այդ դեպքում հատուկ ուշադրություն պետք է դարձնեք, թե որտեղ եք պահում գումարը, և արդյոք այդ վայրն անվտանգ է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։