Ի՞նչ է Ընդհանուր պարտավորություններ-եկամուտ հարաբերակցությունը և ինչպե՞ս հաշվել այն
Ընդհանուր պարտավորություններ-եկամուտ հարաբերակցությունը (ԸՊԵ) Ձեր զուտ ամսական եկամտի այն տոկոսն է, որն ուղղվում է ամսական վարկային պարտավորությունների մարմանը։ Ֆինանսական հաստատություններին ԸՊԵ ցուցիչը պետք է Ձեր վարկարժանության ռիսկը հաշվելու համար։ Ցածր ԸՊԵ հարաբերակցությունը պարտքի համեմատ բավարար եկամտի առկայության ցուցիչ է, ինչը վարկառուին դարձնում է ֆինանսական հաստատության համար առավել ցանկալի։
Ձեր ֆինանսական դրությունն ու ընթացիկ ֆինանսական պարտավորությունները գնահատելու համար ԸՊԵ-ն հիանալի ցուցիչ է։ Բացի դրանից, ԸՊԵ-ն կօգնի Ձեզ հասկանալ՝ արդյոք նոր վարկը ֆինանսական բեռ կլինի Ձեր ամսական բյուջեի համար։ Օրինակ՝ եթե Ձեր ԸՊԵ ցուցիչը 20% է, նշանակում է, որ ամսական եկամտի մեկ հինգերորդը Դուք ծախսում եք վարկային պարտավորությունները կատարելու վրա, իսկ եթե ԸՊԵ-ն 50% է, ապա վարկը մարելու վրա ծախսվում է Ձեր ամսական զուտ եկամտի կեսը։
Սովորաբար ցածր ԸՊԵ ունեցող վարկառուները հակված են արդյունավետ կառավարելու պարտքի դիմաց կատարվող ամսական վճարումները։ Նախքան վարկ տրամադրելը ֆինանսական հաստատությունները, որպես կանոն, նախընտրում են վարկառուների մոտ տեսնել ցածր ԸՊԵ ցուցիչ՝ համոզվելու համար, որ նրանք չունեն վարկային ծարաբեռնվածություն։
ԸՊԵ առավելագույն շեմը սովորաբար որոշվում է օրենքով և տարբերվում է երկրից երկիր, սակայն կարող է նաև ներքին կարգով սահմանվել ֆինանսական հաստատության կողմից։ Չնայած մարդու ֆինանսական կարգավիճակը միշտ պետք է անհատականորեն գնահատվի, մասնագետները կարծում են, որ առողջ ԸՊԵ ցուցիչը չպետք է գերազանցի 40%-ը։
ԸՊԵ ցուցիչը հաշվում են մի քանի պարզ քայլով․
Քայլ 1
Գումարեք բոլոր վարկային պարտավորությունները՝ ավտոմեքենայի վարկ, հիփոթեքային վարկ, ուսանողական վարկ, սպառողական վարկ և այլն։
Քայլ 2
Բաժանեք ստացված թիվը Ձեր ամսական զուտ եկամտին․ ստացված թիվը տոկոսով կլինի Ձեր ԸՊԵ-ն։
Օրինակ․
Մայան ուզում է դիմել ավտոմեքենայի՝ 10․000 եվրո արժեքով վարկի համար։ Նրա աշխատավարձը հարկումից հետո կազմում է 1․000 եվրո, որից 400 եվրոն նա ամեն ամիս ծախսում է հիփոթեքային վարկը, իսկ 50 եվրոն՝ ուսանողական վարկը մարելու վրա։ Ստացվում է, որ Մայայի ամսական վարկային պարտավորությունները կազմում են 450 եվրո։
ԸՊԵ ցուցիչը հաշվում ենք՝ գումարելով (400+50) և ստացված թիվը բաժանելով 1000-ի։ Այսինքն, նրա ընթացիկ ԸՊԵ-ն՝ 450/1000 = 45%։
Շատ ֆինանսական հաստատություններ կարող են այս տոկոսը բարձր համարել, քանի որ, եթե Մայան 10․000 եվրո վարկ ստանա և ամսական վճարի ևս 220 եվրո, նրա ԸՊԵ ցուցիչը էլ ավելի կմեծանա՝ (450+220)/1000=67%։
Եթե Ձեր ԸՊԵ ցուցիչն արդեն բարձր է և մոտ է կամ ավել է 40%-ից, Դուք պետք է մտածեք ամսական պարտավորությունները նվազեցնելու կամ եկամուտը ավելացնելու մասին։ Եթե լրացուցիչ գումար ունեք, կարող եք ժամանակից շուտ ամբողջությամբ կամ մասնակի մարել ընթացիկ վարկը՝ այդպիսով նվազեցնելով ամսական պարտավորությունները։ Կամ կարող եք փնտրել ձեր տան/բնակարանի հետ կապված ծախսերը կամ կոմունալ ծախսերը նվազեցնելու տարբերակներ՝ խնայելով որոշ ռեսուրսների վրա (էլեկտրաէներգիա, ջուր, տաքացում)։ Որպես այլընտրանք՝ կարող եք գտնել ավելի մատչելի տուն կամ ավտոմեքենա։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։