Ինչպե՞ս ունենալ լավ վարկային սքոր
Ինչպե՞ս ունենալ ավելի լավ վարկային սքոր
Գերազանց վարկային պատմությունն ու վարկային սքորը չափազանց կարևոր են ավելի լավ պայմաններով և հնարավոր ավելի ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու համար։ Վարկային սքորը ցույց է տալիս, թե որքանով եք Դուք բարեխիղճ և ազնիվ վարկառու, և, ըստ այդմ, կարող է նպաստել ֆինանսական հաստատությունների հետ Ձեր փոխհամագործակցությանը։
Վարկային սքոր ունի ցանկացած անձ, ով առնվազն մեկ անգամ ապառիկ գնում է արել, գրանցված վարկատուից վարկ է վերցրել կամ կանոնավոր վճարումներ է արել ծառայություն մատուցող ընկերության։ Վարկային սքորը ձևավորվում է ավտոմատ կերպով, բայց ֆինանսական սովորությունների օգնությամբ անձը կարող է բարելավել այդ ցուցիչը։
Լավ վարկարժանության գնահատական պահպանելու համար կան բազմազան հնարքներ, բայց մասնագետները սովորաբար առանձնացնում են դրանցից ութը, որոնք էլ ներկայացված են այս հոդվածում։
- Ոսկե կանոնը․ ժամանակին կատարեք վարկի և այլ պարտավորությունների համար նախատեսված վճարումները։ Վճարումները ժամանակին անելը լավագույն միջոցներից մեկն է՝ վարկային հաստատություններին համոզելու, որ Դուք ոչ ռիսկային վարկառու եք և կկարողանաք կատարել Ձեր ֆինանսական պարտավորությունները։ Որքան քիչ լինի ռիսկը, այնքան ավելի լավ պայմաններով վարկ կստանաք և ավելի քիչ գումար կվճարեք տրամադրված վարկի դիմաց։
Մեր մասնագետները խորհուրդ են տալիս հաճախորդներին պատասխանատվությամբ մոտենալ վճարումների ժամանակացույցին և վերջնաժամկետներին։ Վճարման օրը հիշելու հեշտ տարբերակ է վերջնաժամկետի համար ծանուցում դնելը, որը վճարման օրը մոտենալիս կտեղեկացնի Ձեզ դրա մասին։ Եվս մեկ օգտակար հնարք է ավտոմատ վճարումների համար գրանցվելը, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա նույն օրը որոշակի գումար ավտոմատ կերպով կփոխանցվի Ձեր վարկատուին։
2. Ունենալ վարկային պատմություն։ Երբեմն մարդիկ, ովքեր դիմում են առաջին վարկի համար, բայց չունեն վարկային պատմություն, համարվում են ռիսկային հաճախորդներ։ Պատճառն այն է, որ նրանք չունեն վարկային վճարումների փորձ։ Լավ վարկային սքոր ունենալու համար Դուք պետք է ապացուցեք, որ կարող եք պարտաճանաչ կերպով երկարաժամկետ կառավարել Ձեր վարկը։
3. Նվազեցնել ընթացիկ պարտավորությունները նորը ստանձնելուց առաջ։ Մինչև վարկ տրամադրելը վարկատուները միշտ հաշվում են վարկառուի եկամուտի և ընթացիկ պարտավորությունների հարաբերակցությունը։ Այս ցուցիչը կոչվում է ԸՊԵ (Ընդհանուր պարտավորություններ — եկամուտ)։ Վարկային հաստատությունը կարող է մերժել վարկի տրամադրումը, եթե Ձեր վարկային պարտավորությունների չափը գերազանցում է Ձեր եկամտի որոշակի տոկոսը։ Աշխատեք վարկերին չտրամադրել Ձեր ամսական զուտ եկամտի 30%-ից ավելին։ Եթե նկատել եք, որ պարտքերը Ձեր զուտ եկամտի զգալի չափն են կազմում, փորձեք ժամանակի ընթացքում նվազեցնել դրանք։
4. Դիմեք միայն այն վարկի համար, որի կարիքն ունեք։ Եթե վարկ է առաջարկվում, դեռ չի նշանակում, որ այն Ձեզ համար է։ Մի՛ դիմեք միանգամից մի քանի վարկի համար սեղմ ժամկետներում։ Կարճ ժամկետում շատ պարտավորություններ ստանձնելը բարձր վարկային ռիսկի և ֆինանսների ոչ ադեկվատ կառավարման նշան է։
5. Մի՛ վերցրեք նոր վարկ հինը մարելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի նոր վարկ վերցնել ընթացիկ վարկից առաջացած ժամանակավոր ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նոր վարկը Ձեր ֆինանսների վրա լրացուցիչ բեռ է և միջնաժամկետ հեռանկարում կարող է էլ ավելի դժվարեցնել պարտավորությունների կատարումը։ Եթե դժվարանում եք անել վճարումները, անմիջապես կապ հաստատեք Ձեր վարկատուի հետ՝ մարման ժամանակացույցում փոփոխություններ մտցնելու կամ հետաձգված վճարումների միջոցով լուծում գտնելու համար։
6. Հետևեք Ձեր ծախսերին։ Միշտ հետևեք Ձեր դեբետային ու կրեդիտային քարտերի և բանկոմատներով արված գործարքներին: Սա կօգնի ավելի ճշգրիտ պլանավորել Ձեր ամենօրյա ծախսերը, ունենալ կայուն խնայողություններ և զերծ մնալ անսպասելի ռիսկերից:
7. Մի՛ չարաշահեք Ձեր վարկային սահմանաչափը։ Գործեք խելամտորեն. եթե մոտ եք Ձեր վարկային սահմանաչափը գերազանցելուն, վերանայեք Ձեր ծախսերը: Վարկի օգտագործման մակարդակը 30%-ից ցածր պահելը կարող է օգնել առավելագույնի հասցնել վարկային սքորը։
8. Խնայեք պարբերաբար։ Մի՛ մոռացեք կանոնավոր կերպով խնայել Ձեր զուտ եկամտի առնվազն 10-20%-ը կամ փորձեք ստեղծել ֆինանսական անվտանգության բարձիկ 3-6 ամսվա աշխատավարձի չափով: Այդ կերպ, եթե կորցնեք Ձեր աշխատանքը, կամ առաջանան զգալի չափով անսպասելի ծախսեր, ստիպված չեք լինի հարմարավետության գոտուց դուրս պարտավորություններ ստանձնել։
Չնայած այս ութ առաջարկները վստահաբար կօգնեն Ձեզ ավելի լավ պլանավորել Ձեր պարտավորությունները և բարելավել վարկարժանության գնահատականը, չպետք է վստահ լինեք, որ Ձեզ միշտ կառաջարկեն լավագույն պայմաններով վարկ։ Ցանկացած պատասխանատու փոխատու հաշվի է առնում նաև զուտ եկամտի չափը, եկամտի կայունությունը, վարկառուի տարիքը, խնամքի տակ գտնվող անձանց թիվը, որոշ դեպքերում նաև տնային տնտեսության ընդհանուր եկամուտը, ինչպես նաև այլ չափանիշներ, որոնք կարող են ազդել վարկի վրա:
Հիշեք, որ լավ վարկային պատմության և վարկային սքորի ստեղծումը մարաթոն է` գործընթաց, որն ունի շատ փոփոխականներ: Անձնական ֆինանսների և վարկային պարտավորությունների պլանավորմանը պետք է մոտենալ պատասխանատվությամբ և կշռադատված քայլերով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։