Ի՞նչ արժե վարկը

Յուրաքանչյուր վարկ հաճախորդի համար որոշակի ծախս է։ Վարկի ընդհանուր գումարը, որը հաճախորդը պետք է վճարի, սովորաբար բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ վարկի մայր գումար, տոկոսագումար և սպասարկման վճարներ: Վարկի մարման ուշացումը նույնպես կարող է ազդել ընդհանուր ծախսերի վրա, եթե հաճախորդը ժամանակին չի կատարում իր վարկային պարտավորությունները։

Վճարներ

Վարկի դիմումը ուսումնասիրելու, հաշվի սպասարկումն իրականացնելու և այլ ծառայությունների համար ֆինանսական հաստատությունները գումար են գանձում։ Այդպիսի վճարներից են՝

  • Սպասարկման վճար․ սա վճար է, որը հաշվետերը մուծում է ֆինանսական հաստատությանը ուղղակի այնտեղ ընթացիկ հաշիվ ունենալու համար։ Ոչ բոլոր ֆինանսական հաստատություններն են գանձում այս վճարը (չնայած շատերը գանձում են), բացի դրանից, այս վճարը տարածվում է հաշվի ոչ բոլոր տեսակների վրա։
  • Ծառայության վճարներ․ այս վճարները գանձվում են գնվող հիմնական պրոդուկտի կամ ծառայության հետ կապված սպասարկման դիմաց, օրինակ՝ վարկի տրամադրման, փաստաթղթերի ուսումնասիրության, պահման և այլ ադմինիստրատիվ ծառայությունների դիմաց գանձվող վճարներ։
  • Ժամկետանցման տույժ․ վճար, որը կիրառվում է հաջորդ մարման վրա, եթե հաճախորդը ուշացրել է հերթական միանվագ մարումը։

Տոկոսագումար

Տոկոսագումարն այն վճարն է, որը ֆինանսական հաստատությունը գանձում է իր տրամադրած գումարն օգտագործելու թույլտվության դիմաց։ Տոկոսադրույքը կարող է լինել հաստատուն կամ լողացող։

  • Տոկոսադրույքի հաստատուն լինելը նշանակում է, որ այն վարկի ողջ ժամկետի ընթացքում չի փոխվում։
  • Տոկոսադրույքի լողացող լինելը նշանակում է, որ այն կարող է փոխվել վարկի ժամկետի ընթացքում։ Այդ փոփոխությունների մանրամասները ներառվում են վարկային պայմանագրում։

Վարկի համար դիմելիս միշտ ուշադրություն դարձրեք բոլոր ծախսերին, այդ թվում՝ տարեկան անվական տոկոսադրույքին, վարկի տրամադրման և հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարներին։ Ճշտեք՝ արդյո՞ք տոկոսադրույքը հաստատուն է, թե կարող է փոխվել ժամանակի ընթացքում, ինչպես, օրինակ, «Euribor»-ի դեպքում։ Թեև պետք է աշխատեք միշտ ժամանակին կատարել վարկային պարտավորությունները, Դուք պետք է նաև տեղյակ լինեք ժամկետանցման դեպքում գանձվող տույժերի մասին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆինանսական գրագիտության գործիքով տրամադրված տեղեկությունը կրում է միայն տեղեկատվական նպատակ։ Օգտատերը միշտ պետք է անցկացնի սեփական հետազոտություն և խորհրդակցի մասնագետի հետ՝ համոզվելու համար, որ գործիքի միջոցով ստացված խորհուրդները կիրառելի են իր կարգավիճակի համար։ Մենք չենք երաշխավորում այս կայքում ներկայացված կամ կայքի միջոցով տարածված որևէ խորհրդի, կարծիքի, հայտարարության կամ այլ տեղեկության լրիվ ճշգրտությունը, ամբողջականությունը և վստահելիությունը, ուստի տրամադրված տեղեկության վրա հիմնվելիս գործեք բացառապես սեփական ռիսկով։